Հայտնի է, թե «Երկուսով»-ի ավարտական սերիան երբ կլինի եթերում․ սցենարիստն արդեն աշխատում է նոր նախագծի վրա՝ «Երկուսով»-ի դերասաններից ևս ներգրավված կլինեն


«Երկուսով» հեռուստասերիալը, որը չնայած որոշակի դադարներին՝ եթերում է 2019 թվականից, մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Նախագծի ավարտական՝ 198-րդ սերիան եթերում կլինի արդեն մայիսի վերջին։

Հեռուստասերիալի ավարտի, նկարահանումների, հեռուստադիտողի մեկնաբանությունների մասին ShowBiz.am-ը խոսել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ, ով մեզ հետ զրույցում նաև նշել է, որ արդեն սկսել է աշխատել նոր նախագծի վրա։

«Վերջում ինչպես միշտ և ուրախալի է, որ մի պատմություն ևս կարողացանք հասցնել ավարտին, հետևաբար նորն ենք սկսելու, բայց միևնույն ժամանակ շատ դժվար է բոլորիս համար բաժանվել մեր սիրելի հերոսներից, մանավանդ այն պարագայում, երբ «Երկուսով»-ը մեզ հետ էր արդեն գրեթե երկու տարի, հասկանալի պատճառներով մենք մի քանի անգամ եթերային դադարներ ունեցանք»,- պատմում է Անի Մաղաքյանը՝ շեշտելով, որ իրոք շատ ուրախ է, որ նախագիծը ավարտ կունենա․ «Մենք կարողացանք այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ չնայած այդքան դժվարություններին։

Այս դժվարությունների հետ համեմատած հիմա նկարահանումների դժվարությունները չնչին բան են թվում։ Այնպես որ մեծ ոգևորությամբ նախագիծը հասցնում ենք վերջնակետին»։

Հեռուստասերիալի ավարտին մոտենալու հետ մեկտեղ համացանցում է՛լ ավելի են թեժանում «Երկուսով»-ի վերաբերյալ քննարկումները, հեռուստադիտողը փորձում է գուշակել, թե վերջիվերջո Մանեն ո՞ւմ կընտրի՝ Մարկի՞ն, թե՞ Հայկին․ «Սա այն դեպքերից է, երբ իմ որոշած ֆինալը համընկել է հեռուստադիտողների մեծամասնության կարծիքի հետ։

Համենայնդեպս որքանով ես տեսնում եմ նրանց արձագանքը նամակների և մեկնաբանությունների տեսքով, կարծես թե, մեր ցանկությունները համապատասխանել են։ Սակայն միևնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ չեմ վազում հեռուստադիտողի ցանկությունների հետևից։

Ի սկզբանե ինչ պլանավորում եմ, ես ֆիլմը տանում եմ հենց այդ ուղեծրով։ Անկախ ֆիլմի տևողությունից ես գիտեմ, թե կերպարներին ուր եմ տանում, իսկ եթե ես ընթացքում սկսեմ հաշվել, որ տասը հեռուստադիտողը սա ուզեց, հարյուր տասը մեկ այլ բան, ես կխառնվեմ իրար ու այդ ամենը կվերածվի խառնաշփոթի։ Դրա համար էլ գոյություն ունի հստակ որոշված սցենար, թե որտեղից ուր են հասնելու մեր հերոսները։

Եվ ես աշխատում եմ դրանից երբեք չշեղվել, որպեսզի ճիշտ լինի թե՛ աշխատանքը և թե՛ պատմության ընթացքը։ Ես իրոք ուրախանում եմ նրանց մեկնաբանություններից, ուրախանում եմ, որ հաճախ հեռուստադիտողը շեղվում է հիմնական հերոսներից, սկսում է աջակցել մյուս կերպարներին ևս։

Իհարկե չեմ ասի այս անգամ այդ փոփոխությունը կլինի, թե՝ չէ, բայց ամեն դեպքում ես ինչքան էլ սիրում եմ լսել հեռուստադիտողի կարծիքը, կարդալ նրանց նամակները, միևնույնն է, ես սիրում եմ իմ գործն անել ինքս»։

Հեռուստասերիալը այս ընթացքում իր եթերային կյանքը շարունակել է բարձր վարկանիշով և այս ամենից հետո հեռուսատադիտողի համար դժվար է բաժանվելը սիրելի նախագծից․ «Իրականում արդեն հասունացել է այն պահը, որ հեռուստադիտողն էլ է պատրաստ այդ բաժանմանը։

Ամեն դեպքում ինձ մոտ այդ տպավորությունն է ստեղծվել։ Քանի որ եթե մենք դադարներ չունենայինք, հեռուստասերիալն արդեն ավարտված կլիներ։

Ինձ թվում է, որ վերջաբանն այնպիսին կլինի, որ իրենք էլ հեշտությամբ, թեթևությամբ բաց կթողնեն մեր հերոսներին և ամբողջ պատմությունը, և ես համոզված եմ, որ այն հաճելի, գեղեցիկ նստվածք կթողնի մեր հեռուստադիտողի մոտ, մանավանդ որ արդեն նախապատրաստվում ենք նոր նախագծի՝ ստեղծագործական նույն թիմով, որն ինձ թվում է՝ միանգամից կկլանի հեռուստադիտողին, իսկ Երկուսով»-ը կմնա որպես գեղեցիկ հիշողություն»։

«Երկուսով» սերիալում շուտով նոր հերոսուհի կհայտնվի, որին կմարմնավորի մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը: «Նոր կերպար նախագծում վաղուց էր նախատեսված և անկախ նրանից, որ արդեն նախագծի վերջին ենք մոտենում, այդ կերպարը շատ կարևոր է թե՛ խաղարկային առումով, թե՛ իր նշանակությամբ պատմության մեջ։

Բնականաբար պետք էր լավ դերասանուհի ընտրել, ես հետո եմ իմացել, որ ռեժիսորի ընտրությունը կանգնել է Անելյայի վրա։ Շատ ուրախացել եմ, որ թեկուզ վերջում, բայց Անելյան միացել է մեր թիմին։ Մենք միասին աշխատել էինք նաև «Էլենի օրագիրը» նախագծում։

Իրականում կապ չունի՝ պատմության որ մասից ես միանում, ավելի կարևոր է, թե կերպարն ինչ նշանակություն կունենա պատմության համար»,- մանրամասնում է նախագծի սցենարիստը։

Անի Մաղաքյանն արդեն սկսել է աշխատել նոր նախագծի վրա, որի «բեմելին» ինքը՝ սցենարիստը, անհամբերությամբ է սպասում․ «Հիմա շատ մանրամասներ չեմ կարող հայտնել։

Կնշեմ միայն, որ թե՛ պատմության առումով, թե՛ թիմի առումով շքեղ բան ենք պատրաստում։ Նախատեսում ենք շատ գեղեցիկ, շատ հագեցած պատմություն, որը կլինի բազմաշերտ և կունենա սյուժետային 4-5 գիծ։ Մեզ շատ բարդ աշխատանք է սպասվում, արդեն երկար ժամանակ է ինչ աշխատում եմ այդ ուղղությամբ, և հիմա արդեն սցենարը գրելու փուլում եմ։

Արդեն շատ մեծ ոգևորությամբ սպասում եմ արձագանքներն, թե երբ կլինենք եթերում, երբ մարդիկ կսկսեն խոսել մեր նոր հեռուստասերիալի մասին։ Այս նախագիծը նոր շնչառություն է բոլորիս համար։

«Երկուսով»-ից կլինեն դերասաններ, որոնց կտեսնենք նոր նախագծում, կլինեն նաև նոր հերոսներ։ Դա արդեն հարցի ռեժիսորական կողմն է, որին ես նախընտրում եմ չխառնվել։ Բայց «Երկուսով»-ից մի քանի դերասան անպայման ներգրավված կլինեն»։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ