Գլուխ են բարձրացրել սերժառոբական ռևանշիստները, որոնք պատրաստ են ամեն ինչի կորցրածը ետ բերելու, ժողովրդից վրեժ լուծելու համար


ԵՐԿՈւ ԽՈՍՔ…

Մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության գնացքի անիվները, ինչպես տեսնում ենք, տեղապտույտ են անում (առօրյա խոսակցականով` «բուքսավատ» ), որովհետև այն չափից ավելի թավշյա դուրս եկավ։ Եվ դրանից օգտվելով գլուխ են բարձրացրել սերժառոբական հակահեղափոխական ռևանշիստները, որոնք պատրաստ են ամեն ինչի և անում են ամեն ինչ մեր բոլորի իրականացած երազանքի նշանակությունը նսեմացնելու ու արժեզրկելու, այն վարկաբեկելու և հեղինակազրկելու, նորից իշխանությունը զավթելու, կորցրածը ետ բերելու, ժողովրդից վրեժ լուծելու համար։

Բարոյականությունն ու պարկեշտությունը մոռացած, թքելով երկրի անվտանգության ու շահերի վրա, մտածելով միայն իրենց ունեցվածքն ու կաշին ամեն գնով փրկելու մասին, նրանք ոչնչի առաջ չեն կանգնում մեզ մոլորեցնելու, ապատեղեկացնելու, նոր իշխանությունների դեմ տրամադրելու ճանապարհին, ուռճացնելով կառավարության, ԱԺ-ի, անվտանգության և իրավապահ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ամենափոքր, էլ չասած մեծ սխալներն ու բացթողումները, որոնք, եթե անկեղծ լինենք, կան ու դեռ կլինեն։

Հեղափոխության սթափ մտածող կողմնակիցներն էլ են տեսնում, որ նորերի մի մասը հաճախ փորձ չունենալուց, ոմանք էլ, կարծես դիտավորյալ, անում են քայլեր, որոնցով ջուր են լցնում հակաների ջրաղացին, ավելորդ անգամ չարախնդալու հաղթաթուղթ են տալիս նրանց ձեռքը։ Միայն բռնոցի-բացթողոցին, միլիոններով պարգևատրումները ինչ ասես արժեն։ Եկեք անկեղծ լինենք և ընդունենք, որ մեր մի զգալի հատվածը մտածում է ոչ թե ուղեղով, այլ ստամոքսա-աղիքային տրակտով և պարարտ հող է այն մոլախոտերի համար, որ ցանում են ծախված-առնված հեռուստաալիքները, տպագիր մամուլը և համացանցի կայքերը։ Իսկ որ դրանք պարում են սերժառոբական «շաբաշ»-ի փողերով, կարծում եմ ոչ ոք չի կասկածում։

Բանը արդեն հասել է այնտեղ, որ բոլորի հետ կողք-կողքի հեղափոխությունը իրականացրածներն են հայհոյում ու փնովում իրենց իսկ կատարածը և պաշտպանում են սերժիկին ու ռոբիկին։ Ես քաղաքագետ չեմ, բայց ինչքան գիտեմ, այն, ինչ անում են թալանված փողերով գործող լրատվամիջոցներն ու դրանց «դամքաշները», կոչվում է ոչ այլ կերպ, քան սողացող հակահեղափոխություն (ползучая контрреволюция)։

Իսկ Կառավարությունն ու ԱԺ-ն ասես շղարշ են քաշել աչքերին։ Խոսքի ազատությունը` խոսքի ազատություն, բայց չի նշանակում, որ դրանով քողարկվելով, կարելի է անել ինչ ուզես, ինչպես ուզես, առավել ևս, երբ դա անում ես անձնական նեղ շահերիդ համար, թքած ունենալով ժողովրդի, երկրի շահերի, պետության անվտանգության վրա։ Եթե արդեն հիմա չարվեն որոշակի կտրուկ քայլեր այս տեղեկատվական վակխանալիային վերջ դնելու համար, վախենամ հետո շատ ուշ լինի։ Բոլորիս համար…

Ալեքսանդր Սայադյան

Աղբյուրը՝ Ֆեյսբուք

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ