Ժողովուրդը շատ լավ հիշում է ամեն ինչ. Նրանք, ովքեր այս կամ այն կերպ կոալիցիայում են եղել, պետք է ժողովրդի դատաստանի առաջ կանգնեն


Մեր զրուցակիցն է քրիստոնյա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ՀՀԿ-ի հայտարարությունը, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Արդյոք սա կապիտուլյացիա է և եթե պետք է նման հայտարարություն անեին, ինչո՞ւ էր պետք այս ողջ դիմադրությունը։

Ակնհայտ է, որ դիմադրությունն այն բանի համար էր, որ փրկեն իրենց տարիներով կողոպտած ունեցվածքը և հավանաբար երաշխիքներ ստանան։ Հիմա չգիտենք, անվերապահ կապիտուլյացիա է եղել, թե որոշակի երաշխիքներ տրվել են։ Ես կողմ եմ եղել անվերապահ կապիտուլյացիային։ Երկրորդ, դա կապված է իրենց պատին դեմ եղած վիճակի հետ։ Իրենց մեծ-մեծ խոսելը ոչինչ չէր նշանակում, և պարզ էր, որ դեկտեմբերին կլիներ այնպիսի մի վիճակ, որ իրենց պարզապես դուրս կշպրտեին աթոռներից՝ դրա վատ հետևանքներով։ Իհարկե, դա կարող էր վտանգներ առաջացնել հանրապետության համար։ Բոլոր դեպքերում, հարցը լուծված է։

Ես ուզում եմ մի բանի մասին զգուշացնել, որ դրսևորվում է աշխարհի բոլոր երկրներում։ Սա կարող է վերածվել սողացող հակահեղափոխության, քամելեոնները գունափոխվում են, սողում են տերերի առաջ, մնում են կառավարչական ապարատում և այլասերում են իշխանությունը։ Հայաստանում դա վտանգավոր է այնքանով, որ մենք ինստիտուցիոնալ պետական կառույցներ չունենք։ Այդ ամբողջը հենվում է հասարակության համախմբվածության և վարչապետի անձնական հեղինակության վրա։ Նման ռեժիմները պետք է շատ զգույշ լինեն, որ չայլասերեն հեղափոխության հնարավորությունը, և նոր ընտրությունները դնեն ժողովրդավարական Հայաստանի հիմքը՝ քրիստոնեական արժեհամակարգի վրա։

Ըստ էության, քաղաքական հեղափոխության իրականացումից հետո հեղափոխությունը պետք է հետևողականորեն թևակոխի քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխության ոլորտ, տնտեսություն և մշակույթ։ Եթե դրանք չեղան, մենք կունենանք հնի վերակրկնություն, ինչպես դա եղավ 1998-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին քշեցին, նույն մարդիկ մնացին։ Այս վտանգը կա, որովհետև դրանց արագ հանձնվելը շատ վտանգավոր է։ Նաև վարչապետը անմիջականորեն պետք է հետևի Կոստանյանի, Խոսրով Հարությունյանի, մյուսների գունափոխմանը, նրանց չի կարելի պաշտոնների թողնել։ Ժողովուրդն էլ այդ գունափոխումը շատ վատ է ընդունել։ Եվ նրանց երբեք չի կարելի պաշտոնների թողնել։ Նրանք պատասխան տալուց հետո պետք է գնան տնտեսության ոլորտ, ուրիշ ոչ մի տեղ, և նաև իրենց զավակները, որովհետև իրենք գերդաստաններ են։ Եթե դա չեղավ, մեր երազած Հայաստանը դժվար իրականություն դառնա։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում են, որ նոր խորհրդարանում առնվազն 4 քաղաքական ուժ պետք է լինի։ Ձեր կարծիքով՝ այսպիսի իրավիճակում որքանո՞վ հնարավոր կլինի այնպիսի բալանս ստեղծել, որ ՔՊ-ն չլինի բացարձակ մեծամասնություն, մոնոպոլ իշխանություն չձևավորվի։


Այն, որ մոնոպոլիային մոտ իշխանություն պետք է ունենա ՔՊ-ն, կասկած չկա։ Հիմա այնպիսին է վիճակը, որ ՔՊ-ն կստանա վարչապետի ձայները։ Դրա համար կարևոր է, որ ՔՊ-ն առաջադրի լավագույն որակներ ունեցող թեկնածուների։ Ինձ համար այս պահին կարևոր է ազգային, հայրենասիրական, ժողովրդավարական բլոկի ձևավորումը, որտեղ ես տեսնում եմ «Սասնա ծռերին», Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժմանը, այլ ուժեր էլ կլինեն։ Իշխանության մի քանի բևեռ պետք է ձևավորվի։ Այս ուժերը հատուկ պատասխանատվություն ունեն, բայց իշխանության բարյացկամությունը պետք է որ լինի։ Մնացածի մասին ավելի կոնկրետ հնարավոր կլինի խոսել 15-20 օր հետո, երբ հայտ կներկայացնեն քաղաքական ուժերը։ Բայց որ ՔՊ-ն առաջնայնություն կունենա, կասկած չկա։

Պետք է նկատի ունենալ, որ խորհրդարանական հանրապետությունը առանց քաղաքական ու կուսակցական բևեռների չի կարող արդյունավետ առաջընթաց գրանցել։ Նաև կարծում եմ, որ ընտրագրավը պետք է ամբողջովին հանվի։ Եթե դա պահում են, դա նշանակում է, որ այս կամ այն կերպ խրախուսում են հարուստների անցումը Ազգային ժողով։ Ստացվում է, որ մենք պայքարում ենք ժողովրդի իշխանության հաստատման համար, բայց ժողովրդի հսկա զանգվածներ ներկայացնող կառույցները խորհրդարանում չեն լինի։ Եթե այն ժամանակ ունեինք խոշոր օլիգոպոլիաներ, հիմա կունենանք միջին և խոշոր, իսկ թե ժողովուրդը որտեղ է, անհայտ է։ Փաշինյանի հենարանը եղել է ժողովուրդը, որը շատ դեպքերում աշխատանք չունի։ Ընտրագրավն արգելք է, թող ուրիշ չափորոշիչներ գտնեն։

Երկրորդ բացն այն է, որ ընտրություններին մասնակցում են միայն կուսակցությունները, ինչու շարժումները չեն կարող գրանցվել ու պայքարել ԱԺ անցնելու համար։ Բոլոր դեպքերում, պետք է պատկան մարմիններն անբասիր ընտրություններ կազմակերպեն, որպեսզի ապահովվի մրցակցություն։ Այդ ժամանակ ՔՊ-ի մենատիրության վտանգը կնվազի, այլ բևեռներ էլ կառաջանան։ Որպես կանոն՝ լավագույն տարբերակ է 3-5 բևեռների առաջացումը, որը կայունություն է տալիս պետությանը։

Մինչև մեկ շաբաթ առաջ բոլորովին այլ իրադարձություններ էին, հիմա շատ կտրուկ զարգացումներ տեսանք։ ՀՀԿ-ն հայտարարում է, որ դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, որ վարչապետ չեն առաջադրելու։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

Սա անձնատվություն է։ ՀՀԿ-ն անվտանգ հանձնվում է, որպեսզի մնան այլ օղակներում։ Սա կարող է մարտավարություն լինել։ Այդպես նախկինում էլ է եղել։ Օրինակ գերմանացիները 1918 թվականի նոյեմբերի 16-ին շուտ հանձնվեցին դաշնակիցներին այն նպատակով, որ դաշնակիցների զորքերը Գերմանիա չմտնեն, որպեսզի երկիրն ունենա ռեսուրս հաջորդ պատերազմին պատրաստվելու համար։ Հիմա գուցե ՀՀԿ-ն այդ տեսակետն է պաշտպանում։ Պետք է նկատի ունենալ նաև, որ ԲՀԿ-ն, որ նույն օլիգոպոլ կառույցն է, անընդհատ անցնում է իշխանության կողմը։ Այսինքն՝ մենք իշխանությունը օլիգոպոլիայից մաքրելու տարբերակ չենք ունենում։ Որպեսզի հիմա դա արդյունքով այդպես չլինի, ժողովուրդը պետք է վերջին տասը տարվա իր հիշողությունը կորցրած չլինի և քվեարկի այնպես, ինչպես քվեարկեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։

ՀՀԿ-ն, ըստ Ձեզ, ապագա խորհրդարանում տեղ կունենա՞։

Ոչ, ՀՀԿ-ն չի ունենալու, Դաշնակցությունը չի ունենալու, դժվար թե ԲՀԿ-ն անցնի։ Եվ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը շատ լավ հիշում է, շատ լավ գնահատում է։ Նրանք, ովքեր այս կամ այն կերպ կոալիցիայում են եղել, պետք է ժողովրդի դատաստանի առաջ կանգնեն։ Հեղափոխությունը իսկական բովանդակային առումով նոր սկսվում է, և պետք է գնալ մինչև վերջ՝ ոչնչացնելով օլիգարխիան, նրան սպասարկողներին։ Պետք է ընտրագրավը վերացնել։ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդը կարո՞ղ է 10 միլիոն դրամ տալ, ո՞ւմ են վերցնելու։ Ենթադրենք, մեկ-երկու հոգի կարողացան հանգանակությամբ հարց լուծել, բա մյուսնե՞րը:

Понравилась статья? Поделиться с друзьями: