Ինչու հայ ռազմագերիների հարցը նախընտրական Հայաստանում սկսեց պտտվել Փաշինյանի որդու՝ Աշոտի շուրջ


Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով կամ մտքով նախընտրական Հայաստանում սկսեց պտտվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի շուրջ:

Բանը հասավ այնտեղ, որ Փաշինյանը անգամ հայտարարեց, թե դիմել են Ադրբեջանին՝ որդուն պատանդ վերցնելու և դրա դիմաց հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցով: Ինչո՞ւ էր պետք զգայական մակարդակում ծայրահեղացնել կամ անլրջացնել բարդագույն և առանց այդ էլ զգայական, հոգեբանական ու քաղաքական-անվտանգային ահռելի ծանրության այդ հարցը:

Ո՞վ էր քաշել Սերժ Սարգսյանի լեզվից, կամ ի՞նչը: Թե՞ դա հաշվարկ էր, ոչ թե զգայականություն՝ սառը հաշվարկով արված արտահայտություն, որի տողատակում գուցե կան որոշակի տեղեկություններ, որ հասանելի չեն հանրությանը:

Այսինքն, հանրությանը բաժին է ընկնում զգայականությունը, իսկ տակը եղած հաշվարկը մնում է քաղաքականության նեղ շրջանակում: Սակայն, սա արդեն կարող է առնչվել խորհրդապահությանը, քանի որ չունենք հաշվարկի մասին շատ, թե քիչ հստակ դատողություն անելու համար անհրաժեշտ փաստական կամ փաստարկային հիմք և մնում է միայն ողջախոհության կանխավարկածով հարցնել՝ լավ, ինչպե՞ս էր հնարավոր թույլ տալ այդ աստիճանի սադրանք և նախընտրական հրապարակ բերել այդօրինակ քննարկում կամ բանավեճ:

Ըստ այդմ, գոնե մնում է փոքր ինչ հուսալ, որ հաշվարկ այդուհանդերձ կա և այդ հաշվարկում կա Հայաստանի, և հատկապես ռազմագերիների ու նրանց հարազատների, ոչ թե լոկ սեփական խմբային կամ թիմային, կուսակցական շահ:

Այլապես, թիմերը գուցե խրախճանքի մեջ են, նախընտրական պայքարից լայնացած աչքերով ու նեղացած, սեղմված բանականությամբ, մինչդեռ հասարակությունն ու գերիների հարազատները՝ վերքի վրա լցված աղի նոր չափաբաժնի ցավից կծկված վիճակում:

Եվ սա այն դեպքում, որ հարցը իսկապես չափազանց բարդ է, ու ակնառու է, որ այն օգտագործվում է Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների համար, ինչը հրամայական է դարձնում, և վաղուց ըստ էության հրամայական էր դարձրել գոնե ռազմագերիների հարցում սահմանել կարմիր գծեր և քաղաքական ամբողջ դաշտով ու դասով հարգել դրանք, հանուն այդ տղաների ու հանուն պետականության:

Կրկնենք, գուցե տեղի ունեցողը պարունակում է հենց այդ հանունի սահմանում եղած հաշվարկ, որը չի երևում այսօր, բայց չբացառենք վաղը որևէ արդյունքի տեսքով դրսևորվելու կանխավարկածը: Բայց, առայժմ դժբախտաբար ամեն ինչ դրսևորվում է ծայրահեղ անլրջությամբ կամ անլրջության ծայրահեղացումով:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ