Հետաքրքիր բացահայտում. Ինչո՞ւ էր սպարապետը ցանկանում գնդակահարել Սերժ Սարգսյանին. Տեսանյութ


Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը, խոսելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին, հայտարարություն արեց, ինչը բուռն քննադատությունների և քննարկումների տեղիք տվեց: Կարծիքներ հնչեցին նաև, թե Դավիթ Շահնազարյանը պետական-ռազմական գաղտնիք է հրապարակել:

Բանն այն է, որ ՀՀԿ-ական թեկնածուն նման խոսք հնչեցրեց. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը, և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Թող այդ մանրամասները ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը»:

Ի պատասխան` Սասուն Միքայելյանը պարզաբանում պահանջեց Դավիթ Շահնազարյանից` հայտարարելով. «Նախ Օմարը հանձնվել է 93 թվականի դեկտեմբերին, որտեղ հրամանատար է եղել Հրազդանից Ռաֆոն: Այդ ժամանակ սպարապետը հրաման է տվել, որպեսզի ջակոտվ գնա Օմար, մինչև բանակն օգնության հասնի: Ես դեկտեմբերի 31-ին հավաքել եմ ջոկատը և շարժվել դեպի Օմար: Օմարն արդեն հանձնված է եղել: Երկրորդ, երրորդ գծերում պաշտպանություն ենք ձևավորել: Դավիթ Շահնազարյանը պետք է պարզաբանում տա. սա արդեն լուրջ խնդիր է: Նախկինում լինելով Ազգային անվտանգության ծառայության պետը` իրավունք չունի նման անհիմն հայտարարություն անել: Ուզում եմ մի փակագիծ էլ բացել` մարտի 1-ի դեպքերի հետ կապված. փետրվարի 18-ին կամ 19-ին Դավիթ Շահնազարյանը բոլորին դուրս է հանել, ասել` առանձին զրույց կա: Ինձ էլ ասաց` պետականորեն հրաման կա` քեզ խփելու, Օպերա մի’ արի: Ես էլ ասել եմ` դա նշանակություն չունի, որտեղ իմ ժողովուրդն է, ես այնտեղ կլինեմ»:


Եվ ահա, այս ստեղծված իրավիճակից հետո ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Վազգեն Սարգսյանի ավագ օգնական, վարչական ապարատի ղեկավար, ՊՆ վերաստուգիչ հանձնաժողովի նախագահ Գառնիկ Գևորգյանը` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Գևորգյանի եղբայրը, ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքերն այնպես, ինչպես եղել է` բացահայտելով իրականությունը:

Մեր զրուցակիցը նախ զարմանք հայտնեց, թե ինչու է Դավիթ Շահնազարյանը, քաջ տեղյակ լինելով ողջ ճշմարտությունը, իրականությունը խեղաթյուրել և նման աղմուկ բարձրացրել:

«Դավիթը Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Սասունն ի՞նչ կապ ունի, Սասունն ընդհանրապես տեղյակ չի: Ես Վազգենի հետ եմ եղել, որ Սասունին ասվել է ջոկատի հարցով: Դա պետական բան էր, Վանաձորի կոնտրն էր էնտեղ: Դա պաշտպանության նախարարին թող հարցներ: Ո՞վ էր էն ժամանակվա պաշտպանության նախարարը: Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը: Էդ որ գնդակահարություն էր խոսում. Վազգենն ասում էր, որ Սերժ Սարգսյանը տեղում չէ, պաշտպանության նախարարը տեղում չէ: Էնպես որ, Դավիթ Շահնազարյանը թող գնա Սերժ Սարգսյանին հարց տա, Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Ես Դավիթ Շահնազարյանին էլ եմ լավ ճանաչում: Ես էլ հիշեցնում եմ Դավիթ Շահնազարյանին` Վազգենն ասում էր Սերժ Սարգսյանին պետք է գնդակահարել, նախարարը տեղում չէ… Բանակն էր էնտեղ պահում, ջոկատները չէին պահում, Վանաձորի գունդն էր պաշտպանում: Դավիթն անվտանգության պետ է եղել, ինքը շատ լավ գիտի էդ տեխնոլոգիաները: Ես չեմ հասկանում` ինչու է նման բան ասել` իմանալով իրականությունը: Ես` որպես շատ լավ տեղյակ մարդ, ասում եմ` Սասունը ջոկատով գնաց, հազիվ կանգնեցրեց էդ հարձակումը, որը ձնագնդիկի նման գլորվում էր: Դրանից հետո կանգնեցրել ենք, գնացել ենք, ազատել ենք, հաղթել ենք: Դավիթն էլ պիտի նման բան չաներ էլի… չէղած տեղից Սասունին մեղադրեր…»:

armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: