Հերթական վրիպումը. Վիգեն Սարգսյանը պատռեց Կազանյան պլանի քողարկումը


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան հերթական գրառումով խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին ուժեղ ընդդիմություն է անհրաժեշտ խորհրդարանում, որպեսզի դիմակայի Արցախի հարցում իր վրա ուժգնացող ճնշմանը: Ըստ նրա, դա հնարավոր է միայն վերկուսակցական կոնսենսուսային որոշումների, լուրջ եւ փորձառու թիմի հետ բանավեճի միջոցով:

Վիգեն Սարգսյանը մի երկու հարցում իրավացի է: Մասնավորապես, շատ կարեւոր է, երբ պետության քաղաքական համակարգը կազմված է ոչ միայն լեգիտիմ եւ ուժեղ իշխանությունից, այլ նաեւ լեգիտիմ եւ ուժեղ ընդդիմությունից:

 

Վիգեն Սարգսյանն իրավացի է նաեւ տողատակում, երբ խոսում է փորձառու թիմի հետ բանավեճի անհրաժեշտության մասին, նկատի ունենալով իհարկե ՀՀԿ-ին: Հայաստանի ներքաղաքական ներկապնակում այդ առումով ՀՀԿ-ն դուրս է մրցակցությունից, որքան էլ շատերի համար տարօրինակ կամ դժվար լինի դա խոստովանել: Իհարկե, ՀՀԿ-ն մրցակցությունից դուրս է նախկին իշխանական կարգավիճակի բերումով: Յուրացնելով իշխանությունը մոտ երկու տասնամյակ, ՀՀԿ-ն ուղղակի իշխանության բերումով ստիպված էր որոշակի տիրապետել արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցերին ավելի, քան այլ ուժեր: Ընդ որում, այդ տեսանկյունից ՀՀԿ-ն փորձառու է համեմատական առավելությամբ, այսինքն միայն մյուսների հետ համեմատությամբ, քանի որ ինքնին էֆեկտիվության տեսանկյունից ՀՀԿ-ն տապալել է ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականությունը:

Ավելի շուտ, տապալելով ներքինը, ՀՀԿ-ն ուղղակի չէր կարող տապալման «չհասնել» դրսում: Այդ տեսանկյունից, ի դեպ, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն այն էր, ինչ նա կարող էր անել: Լավ էր, թե վատ, այլ հարց է, բայց նա ավելին ուղղակի չէր կարող անել, որովհետեւ ավելին անելու համար պետք էր լեգիտիմության ուժ, որը նա չուներ:

Եվ իհարկե պետք էր ուժեղ ընդդիմություն, որը Սերժ Սարգսյանը դարձյալ չուներ: Բանն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում ուժեղ ընդդիմություն ասվածը ասոցացվել է լոկ ընդդիմության անկաշառության, հռետորաբանության գեղարվեստական պատկերավորության, սրության հետ: Օրինակ, ուժեղ ընդդիմություն ասվածի մեջ երբեք հանրայնորեն չի դիտարկվել կամ չափվել ասենք Արցախի խնդրում, անվտանգության եւ արտաքին քաղաքական խնդիրներում կոնցեպտուալ տարբերությունը իշխանությունից:

Այդ իմաստով է, որ Վիգեն Սարգսյանն իրավացի է, երբ խոսում է ուժեղ ընդդիմության անհրաժեշտությունից:

Իրավացիությունը սակայն ավարտվում է այդ երկու բաղադրիչով՝ բանավեճի եւ ուժեղ ընդդիմության անհրաժեշտության արձանագրումով:


Հետո սկսվում է մանիպուլյացիան, մասնավորապես միջազգային ուժգնացող ճնշման մասով, որովհետեւ այդ առումով գործնականում չկա որեւէ փաստարկ, բացի այն հայտարարություններից, որ Արցախի հարցի կարգավորման մասով հնչում են, եւ որոնք տարբեր կերպ հնչել են անցնող երկու տասնամյակի տարբեր դրվագներում:

Այլ հարց է, որ ՀՀԿ-ն կամ Վիգեն Սարգսյանը Արցախի հարցում ճնշման ուժգնացման իմիտացիան դիտարկում են խորհրդարանի ընտրությանը հանրության ուշադրությանն արժանանալու ձեւ: Բայց այդ դեպքում կա օրինակ մի հետաքրքիր չափիչ, եթե ՀՀԿ-ն իրապես հավակնում է լինել ուժեղ ընդդիմություն, թեկուզ այդ հարցում:

ՀՀԿ-ն, Վիգեն Սարգսյանը կարո՞ղ է անել ֆեյսբուքյան գրառում, Արցախի հարցի առնչությամբ, որն օրինակ իր բովանդակությամբ տարբեր կլինի այն բովանդակությունից, որ նշում է Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ից սկսած: Եվ կլինի ավելի կոշտ ու անզիջում, որովհետեւ նրա մեջբերած տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանին ենթադրական արտաքին ճնշումից զերծ պահելու համար «ուժեղ ընդդիմությունը» պետք է ունենա ավելի կարծր եւ կոշտ դիրքորոշում Արցախի խնդրում:

Մինչդեռ դրան հավակնողը այն ուժն է, որի ներկայիս ղեկավարը համաձայնություն է տվել ասենք Կազանի պլանին: Եվ հիմա այդ ուժը պետք է լինի իբրեւ թե «ուժեղ ընդդիմություն» Արցախի հարցում:

Դա նշանակում է, որ Վիգեն Սարգսյանը նախ պետք է դառնա Սերժ Սարգսյանի «ուժեղ ընդդիմություն», հայտարարելով, որ արմատապես սխալ է եղել նաեւ այն քաղաքականությունը, որն Արցախի հարցում վարել է Սերժ Սարգսյանը: Այդ տեսանկյունից, Վիգեն Սարգսյանի գրառումն իր բառացի իմաստով պարունակում է հենց հարված կազանյան պլանին Սերժ Սարգսյանի տված հավանությանը, անուղղակի մերկացնելով այդ պլանը, այն իմաստով, որ դա եղել է թույլ քաղաքականություն: Հակառակ պարագայում ինչպես կարող է Կազանի պլանը թույլ քաղաքականություն չհամարելով դառնալ ուժեղ ընդդիմություն Արցախի հարցում:

Բայց, Վիգեն Սարգսյանից պահանջվում է պարզություն ու հստակություն:

Կանի՞ այդպիսի որեւէ գրառում պաշտպանության նախկին նախարարը:

Այլապես, առայժմ բացի տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիոն բնույթից, նրա եւ նրա կուսակիցների մոտեցումները Արցախի խնդրում՝ թավշյա հեղափոխությունից հետո, չեն պարունակել ոչ մի բովանդակային լրջություն, որը հարիր կլիներ «ուժեղ ընդդիմությանը»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: