Նիկոլ Փաշինյան. Կա մեծ ներուժ եւ նրանց ԱԺ-ից դուրս մնալու դեպքում համագործակցությունը կքննարկենք


Ժողովրդի ցանկությունն է լինելու, թե Ազգային ժողովն ընտրություններից հետո ինչ ուժերից է կազմված լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ԱԺ-ում հանդիպեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունից հետո արդյո՞ք վերականգնվեց սիրո եւ համերաշխության մթնոլորտը, վարչապետը նշեց.

«Իմ ցանկությունը միշտ էլ դա է եղել: Ես միշտ էլ խորհրդարանի մեր գործընկերներին այդ կոչով եմ դիմել, որ չարժի ներքաղաքական վիճակը լարել, քանի որ կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել»:


Անդրադառնալով իր կադրային քաղաքականությանը եւ պաշտոնյաների հասցեին հնչող քննադատություններին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր քննադատություններն ընդունում է ի գիտություն: «Ուզում եմ մի բան ասել՝ բացառվում է, որ որեւէ մեկը ինձ կամ մեր կառավարությանը կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս կարող եմ դա անել»:

Հարցին՝ արդյո՞ք փոխվելու է կառավարության կազմը, վերանայումներ լինելո՞ւ են, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ կվերանայվի, թե՞ ոչ: Ես ասել եմ, որ մեր առջեւ չկա խնդիր, որ կառավարության կազմում պետք է միայն լինեն կուսակցական կադրեր: Կա մեծ ներուժ եւ հնարավոր է, որ նրանք դուրս մնան ԱԺ-ից, եւ մենք նրանց հետ համագործակցությունը կքննարկենք»,- ասաց վարչապետը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն, ինչը հայտնի է հանրությանը: Բաղդասարյանը նշեց, որ սիրո եւ համերաշխության մթնոլորտը քիչ-քիչ վերականգնվում է: Անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն հայտարարություններին, որ պատգամավորներին ճնշում են, Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը ճնշվող չէ:

Աղբյուրը՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: