Օսիպյան. «Հա, բան ու գործ չունեի, յոթ-ութ օր էնտեղ եմ մնացել՝ գործերս թողած»


ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, որը 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում հայտնված ոստիկաններից էր, համաներման տեքստի ձեւակերպումներից բավարարված է։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը։

«Նախաքննության ժամանակ ես սպառիչ ցուցմունքներ եմ տվել, արտահայտել եմ իր դիրքորոշումը եւ՛ որպես իրավապահ մարմնի կառույցի ղեկավար, եւ՛ որպես ոստիկան, կարծում եմ՝ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առաջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ համաներման տեքստով նախատեսվում է ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները:


Դիտարկմանը, որ սպանված ոստիկանների հարազատներն արդեն իսկ իրենց դժգոհություններն արտահայտել են, Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը, մենք կորցրել ենք մեր ընկերներին, լավագույններին եւ այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ պատանդների կարծիքը պետք է հաշվի առնվի, ես կողմ եմ՝ այո, իմ եւ եւ մյուս պատանդների կարծիքները, որոնք տուժող են ճանաչվել, պետք է հաշվի առնվի»։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի այն հայտարարություններին, որ Օսիպյանն իրենց մոտ պատանդ չի եղել, միասին հաց են կերել, կենացներ խմել, Օսիպյանն ասաց. «Հա, բան ու գործ չունեի, յոթ-ութ օր էնտեղ եմ մնացել՝ գործերս թողած»։

Ոստիկանապետն ասաց, որ կառավարության դռնփակ նիստում, երբ քննարկվել է համաներման ակտը, ինքն արտահայտել է իր կարծիքը, իսկ այժմ համաներման տեքստով բավարարված է։ Հարցին, թե մտավախություն չկա՞, որ համաներում հայտարարելուց հետո հանցագործությունների թիվը կշատանա, Օսիպյանը համաձայնեց, որ կա նման մտահոգություն։

«Չի բացառվում, որ կրկնահանցագործություններ ունենանք համաներումից հետո, բայց կողմ եմ համաներմանը, որովհետեւ այն ինքնին մարդասիրական մոտեցում է։ Կան մարդիկ, որոնց պահվածքը ՔԿՀ-ների ադմինիստրացիան բնութագրում է դրական, եւ եթե հայտնվեն դրսում, չեմ բացառում, որ շատերն ուղղված լինեն, բայց նաեւ չբացառենք, որ կարող են լինել կրկնահանցագործություններ»,- ասաց նա։

Աղբյուրը՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: