Ով շատ սպիտակուց է ուտում, պետք է շատ հեղուկ խմի


Սպիտակուցները համարվում են մարդու մարմնի կարեւոր եւ հիմնական բաղադրիչներից: Նրանցից են կազմված բջիջները, մկանները, ուղեղը, ոսկորները։ Սպիտակուցներն ամինաթթուներ են, որոնց մի մասն օրգանիզմն է ստեղծում, իսկ մնացած մեծ մասը` սննդի միջոցով։ Կա երկու տեսակի սպիտակուց՝ կենդանական սպիտակուցներ, որոնք պարունակում են միսը, ձուկը, պանիրը, ձուն, կաթնամթերքը, եւ բուսական սպիտակուցներ, որոնք պարունակում են սոյան, ոլոռը, ոսպը, նուշը, կաղինը, ինչպես նաեւ խոշորահատիկ հացահատիկը։

Սննդաբանների կարծիքով՝ երեխաներին օրական անհրաժեշտ է առնվազն 60 գրամ սպիտակուց, պատանիներին` 90, չափահասներին` օրական քաշի մեկ կիլոգրամին համապատասխան 1գրամ սպիտակուց։ Մասնագետների խոսքով` հենց նիհարելու ժամանակ է անհրաժեշտ ավելի շատ սպիտակուց ընդունելը, քանի որ օրգանիզմը վերադասավորվում է, եւ էներգիայի իր պահանջը բավարարելու համար դիմում է ճարպի պաշարներին։ Ով շատ սպիտակուց է ուտում, պետք է շատ հեղուկ խմի, որպեսզի ավելի լավ արտաթորի սպիտակուցների նյութափոխանակության հետեւանքով առաջացած առողջության համար վտանգավոր մնացորդները (միզաթթու եւ միզանյութ)։

Միակ սննդամթերքը, որը պարունակում է կյանքի համար կարեւոր բոլոր ամինաթթուները, ձուն է։ Կաթնամթերք չպետք է շատ ուտել, քանի որ ենթադրվում է, որ կաթի սպիտակուցը, այսպես կոչված, աճի գործոն է պարունակում, որը կարեւոր է հորթերի գիրացման համար, իսկ մարդկանց մոտ հնարավոր է հանգեցնի քաշի ավելացման։ Բացի այդ, շատերը (հատկապես` տարեց մարդիկ) վատ են մարսում կաթնամթերքը, որից առաջ է գալիս տհաճ խմորումներ եւ փքվածություն։


´

Ճարպոտ սննդամթերք Գիտական վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ հիպերգլիկեմիան` գերշաքարարյունությունը, սննդի մեջ պարունակվող ճարպը վերածում է օրգանիզմում ճարպային կուտակումների։ Եթե արյան մեջ չափազանց շատ է շաքարի եւ ինսուլինի պարունակությունը, սննդի ճարպերն արագ վերածվում են ճարպագնդիկների։ Ի շահ սեփական առողջության՝ ճարպերի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել մի քանի գործոն։ Գոյություն ունի ճարպերի երկու մեծ խումբ. Կենդանական ծագում ունեցող ճարպեր` միսը, ձուկը, կարագը, պանիրը, յուղը, երշիկը եւ այլն։ Բուսական ծագում ունեցող ճարպեր` արեւածաղկի, ձիթապտղի ձեթերը, մարգարինը, կոկոսի յուղը, ընկույզը, բոլոր հատիկները, արեւածաղկի, դդմի սերմերը եւ այլն։ Ճարպերը սննդակարգի անհրաժեշտ բաղադրիչն են։ Նրանք օրգանիզմին տալիս են էներգիա, որը պահեստավորվում է եւ անհրաժեշտության դեպքում օգտագործվում։ Նրանք էական են մեր բջիջների, հյուսվածքների եւ նյարդային համակարգի համար։ Ճարպոտ սննդամթերքները հաճախ պարունակում են այնպիսի նյութեր, որոնք եզակի կենսական նշանակություն ունեն։ Որոշակի ճարպաթթուների քանակությունը վճռական դեր ունի նաեւ մարդու հորմոնային համակարգի գործառնության համար։

Աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: